<<Սկարպ>> առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1999 թվականին` Աշոտ Մկրտչյանի նախաձեռնությամբ, ով 15 տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ստացել է ողնաշարի վնասվածք և դարձել հաշմանդամ: Հետվնասվածքային բուժման ընթացքում, հանդիպելով բավականին մեծ թվով երիտասարդ հաշմանդամների պարզ դարձավ, որ հանրապետությունում դեռ գործում է այնպիսի մոդել, որը չի նպաստում հաշմանդամների ինտեգրմանը հասարակությունում: Արդյունքում հաշմանդամ անձինք իրենց չէին զգում հասարակության լիիրավ անդամ: Այսպես ծնվեց հաշմանդամ անձանց համար հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափարը:
<<
Սկարպ>> ՀԿ-ի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող հաշմանդամ երիտասարդներին լինել անկախ և հասարակության լիիրավ անդամ: Սկարպը հիմնականում օգնում է հաշմանդամ երիտասարդներին պահպանել և բարելավել իրենց ֆիզիկական առողջությունը` տրամադրելով հատուկ սայլակից օգտվող անձանց համար հարմարեցված մարզասրահ:

Այսօր Սկարպը մասնագիտացված հասարակական կառույց է, որը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր ազգային և միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, որոնց գլխավոր նպատակն է Հայաստանում ստեղծել մատչելի ապագա հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ներկայումս Սկարպն իրականացնում է համակարգչային դասընթացներ , հաշմանդամ երիտասարդներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու նպատակով, ինչպես նաև անցկացնում է հետվնասվածքային վերականգնում: Այն նաև ունի բասկետբոլի, ձեռնամարտի, սայլակավազքի և ծանրամարտի խմբեր, որոնք մասնակցում են ազգային և միջազզգային մրցույթների և գրավում պատվավոր մրցանակներ կազմակերպության, ինչպես նաև երկրի համար: